38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Հերոստրատը, Պագանինին և... մյուսները

Հերոստրատը, Պագանինին և... մյուսները
26.09.2008 | 00:00

ՎԼԱԴԻՄԻՐ ՄՍՐՅԱՆ-70
«Ինձ առանձնապես գրավում է նրա ներքին փափկությունը, մեղմությունը, որը համադրվում է վերլուծական մտքի հետ... Դա այն հույժ ժամանակակից ինտելեկտուալիզմը չէ, որով մարդիկ հաճախ թաքցնում են իրենց նվազ կարողությունները»։
ՎԱՐԴՈՒՀԻ ՎԱՐԴԵՐԵՍՅԱՆ
«Մարդկային լկտիությունն աստվածներից զորավոր է»։ Հետևեք աշխարհի 7 հրաշալիքներից մեկը՝ Արտեմիսի տաճարը, կործանարար հրի մատնած Հերոստրատ-Մսրյանի վարքագծին, որսացեք դերամարմնավորման անշփոթելի «ձեռագրով» արդի հայ թատերարվեստում առանձնակի ուշագրավ արվեստագետի արտահայտիչ դիմախաղին, խոսքի կերպարային բնութագրականությանը, ճկուն խաղաոճին և կրկին ու նորից կհամոզվեք դրանում։ Համաժողովրդական ցասումից մազապուրծ՝ այս խորամանկ ստահակը, ֆիզիկական անվտանգություն գտնելով բանտում և զարմանալիորեն քաջատեղյակ լինելով մարդկային արատավոր էության խորխորատներին, հնարամտորեն կծառայեցնի դրանք «անմահանալու» իր արտառոց ծրագրի անթերի կենսագործմանը։ Շպրտվելով բանտախուց` իրեն ամփոփած քաթանե պարկից կպարզի արծաթե դրամով գայթակղող ձեռքը և մի քանի ակնթարթում կկաշառի փողամոլ բանտապահին՝ դարձնելով նրան իր կամակատարը։ Փոփոխվող իրադրություններում վայրկենապես կողմնորոշվելով՝ գծուծ վաշխառու Քրիսիփին, որպես գերշահավետ գործարք, կմղի իր բանտային հիշատակարանի բազմացմանն ու տարածմանը։ Ստացած կանխավճարով բանտապահի միջոցով աննախադեպ գինարբուք կսարքի Դիոնոսի պանդոկում՝ հարբեցողներին պարտադրելով զրնգացնել նզովքի արժանի իր անունը։ Շոյելով թուլամորթ կառավարիչ Միսաֆերնի կնոջ՝ Քլեմենտիի սնապարծ ինքնասիրահարվածությունը, կստիպի գուրգուրել իրեն։ «Մարդկային լկտիությունն աստվածներից զորավոր է»։ ՈՒստի... սանձարձակ լկտիության հաղթարշավն այլևս անկասելի է դառնում մարդկանց դյուրահավատության շահարկմամբ։ Իրարահաջորդ ինտրիգներն ու սպանությունները, ուղեկցվելով «Կեցցե Հերոստրատը» բազմաձայն կոչերով, կալանախցին համամարդկային անխորտակելի բանտի բովանդակություն են հաղորդում՝ երևակելով մ.թ.ա. 356-ին տեղի ունեցած իրադարձություններում ֆաշիզմի արմատները։ Ըստ ավանդության, Արտեմիսի տաճարը հրկիզվել է Ալեքսանդր Մակեդոնացու ծննդյան գիշերը։ Սրանում որոշակի խորհրդանշական իմաստ կա, որը ցայտուն կերպով բացահայտվում է Գրիգորի Գորինի «Մոռանալ Հերոստրատին» տրագիկոմեդիայի խանդիկյանական մեկնաբանությամբ, բեմում ժողովրդական արտիստ Վլադիմիր Մսրյանի եռանդուն, հուզառատ և տիրական ներկայությամբ։ Հերոստրատի կերպարն այլևս անբաժանելի է արդի հայ բեմի այս շողշողուն անհատականությունից, իսկ ներկայացումը՝ դրամատիկական թատրոնի խաղացանկից։ 1976-ից մինչ օրս, հիմնական դերակատարների փոփոխություններով հանդերձ, ամենևին չի նվազել 32 տարի անընդմեջ խաղացվող ներկայացման հրատապ ու վառ թատերային գրավչությունը։ Միանգամայն օրինաչափ է, որ թատերարարման չորս տասնյակ տարիների ընթացքում վերընթաց պրոֆեսիոնալիզմով կերտված հարյուրից ավելի հերոսներից հենց Հերոստրատին պիտի վերապահվեր Վլադիմիր Մսրյանի հոբելյանական երեկոյի թատերազարդը լինելու պատիվը։
Մսրյանի բեմելը երկու տարեկանում էր։ Մելոդրամիկ մի ներկայացման մեջ, «մայրի՜կ» բացականչելով, նետվել է իրենից բռնի բաժանված մոր գիրկը և ախորժակով վայելել նրա տված խնձորը։ Ալավերդու «Բանվորական թատրոնում» էր, որի հիմնադիր կազմի նվիրյալներն էին ծնողները՝ Արաքսյա և Հովհաննես Մսրյանները։ Նրանց ջանադրությամբ էլ հասակ է առել թատերական կախարդանքի մթնոլորտում։ Ռուսական դպրոցում սովորելիս մասնակցել է գրականության ուսուցչուհու՝ Իննա Կուզնեցովայի խմբակին, որի «Հատակում» (Գորկի) և «Արջը» (Չեխով) ներկայացումները «հյուրախաղային» ջերմ ընդունելություն են գտել մարզում։
Մեծ հայրենականի դժվարին տարիներին անավարտ է թողնում ուսումը երաժշտական դպրոցի ջութակի դասարանում։ Խաղում է Հայաստանի բասկետբոլի հավաքականում։ Տարված ճշգրիտ գիտություններով՝ մեկնում է Մոսկվա։ Բա՜յց, ինչպես կասեր Հերոստրատ-Մսրյանը, ավիացիոն ինստիտուտի փոխարեն հայտնվում է Վախթանգովի թատրոնին կից շչուկինյան ուսումնարանում։ Բախտորոշ շրջադարձ։ Մասնագիտական քննաշրջանը հաջողությամբ հաղթահարելուց հետո, օտարոտի արտասանության պատճառով, ուղեգրվում է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտ։ Արմեն Գուլակյանի արվեստանոցում թրծվելիս աչքի է ընկնում դերասանական նկարագրին անհրաժեշտ բարոյակամային հատկանիշներով՝ ուղեցույց աստղ ունենալով Վահրամ Փափազյանին։
Մինչ Հրաչյա Ղափլանյանի հիմնադրած (1968 թ.) նորաոճ դրամատիկական թատրոնում հիմնավորապես հաստատվելը՝ հանդես է գալիս պատանի հանդիսատեսի, ապա՝ ռուսական դրամատիկական թատրոններում։ Միանում է «Արշալույս» թատրոն-ստուդիան նախաձեռնած Ալեքսանդր Գրիգորյանի շուրջ համախմբված երիտասարդ արվեստագետներին։ Առաջին նշանակալից դերակատարումը դրամատիկում համլետյան գույներով բեմավորված, հոգեվիճակների երկվությամբ առլեցուն Գաստոնն էր (Ժ. Անույ, «ՈՒղևորն առանց ծանրոցի»)։ Ղափլանյանի ու Խանդիկյանի համախոհ ստեղծագործությամբ շուտով բացահայտվում է Մսրյանի հրայրքոտ տաղանդը, դերից դեր հարստանում ու հղկվում կատարողական վարպետությունը։ Ներքուստ ջլատված, բայց «ցուլի պես առողջ» Էդգարը («Ստրինգբերգ»), ակամա դահիճ Խոսե Լուիսը («Դահիճը»), տարաբախտ հերցոգ Կլարենսը («Ռիչարդ 3-րդ»), խոհական ու կոպիտ Բանտապետը («Ամենատխուր մարդը»), արյունռուշտ Հավատաքննիչը («Արտույտը»), դաժան ու խորամանկ Միհրդատ Պոնտացին («Աստվածների կանչը»), զուսպ ողբերգականությամբ խորազդու Դանիայի արքայազնը («Համլետ»), տասնյակ այլ ուշագրավ դերամարմնավորումներ շերտ առ շերտ բացում են Մսրյանի ներթաքույց կարողությունները։ «Շատերն են սովորել գեղարվեստաթատերական ինստիտուտում և ավարտել,- գրում է ՌՈՒԲԵՆ ԶԱՐՅԱՆԸ,- բայց քչերն են մնացել հիշողության մեջ՝ պրոֆեսիոնալ բեմում հաստատվելուց հետո... Ինքնատիպ դերասան է Վլադիմիր Մսրյանը, նկարագիր ունեցող»։
Գրական (դրամատուրգիական) հերոսներին գունագեղ կենդանացնելու հմտություններն ավելի ուշ խորացան հեռուստաթատրոնում, ռադիոբեմականացումներում։ «Հայֆիլմում» երիտասարդ գիտնական Հայկ Վերդյանի («Վերադարձ», բեմադրիչ՝ Արման Մանարյան) դերակատարմանը (1973 թ.) հաջորդեցին այլ ֆիլմեր, ու թեև մինչ օրս էլ նկարահանվում է, սակայն լավագույնը մնում է համամիութենական ճանաչում բերած Պագանինին՝ Լեոնիդ Մենակերի «Նիկոլո Պագանինի» սովետա-բուլղարական չորսմասանոց հեռուստաֆիլմում։ Անկախ կինոարվեստի «մկրատային» աշխատաոճից, Մսրյանը ներանձնավորման բարձրագույն մակարդակով կարողացավ ներկայացնել դիվային կախարդանքով օժտված երաժշտի կենսաթրթիռ էությունը։
Ցավոք, այդպես էլ չիրականացան Արբենին, Սիրանո դը Բերժրակ և Մակբեթ մարմնավորելու ակնկալիքները։ Ո՞ր արտիստը չունի անկատար երազանքներ... Կարևորը՝ հնչեղ անուններով ձևավորված ընդգրկուն խաղացանկը՝ երիտասարդական ավյունով ու հասուն արվեստագետի իմաստուն փորձառությամբ, շարունակում է համալրվել նոր դերակերպավորումներով, «փոքր» դերերին ներկայացման համատեքստում տրվող մեծ նշանակությամբ՝ Կոմիտաս՝ «Մեծ լռություն», Պիղատոս՝ «Հիսուս Նազովրեցին և նրա երկրորդ աշակերտը», Արղության-Արղուտինսկի՝ «Չեզոք գոտի»։ Հյութեղ արտահայտչամիջոցների որոնումները, ամենայն պատասխանատվությամբ ու լրջությամբ, երբևէ չեն ընդհատվել։ Միանգամայն վստահ եմ, 40-ամյա թատերանվիրմամբ ստանձնած նոր աշխատանքը, որով մտադիր էր նշանավորել իր 70-ամյա հոբելյանը, շուտով կամբողջանա՝ հնարավորություն ընձեռելով Մսրյանի անդավաճան երկրպագուներին վերստին կախարդվելու համաժողովրդական սեր վայելող արտիստի թատերական ինքնակիզման նոր վավերագրով։
Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 7289

Մեկնաբանություններ